2020թ. ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամն ուղղվեց Ստեփանակերտի վերականգնմանը: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:
«Երևանի ավագանին այսօր կայացած նիստում միաձայն որոշմամբ բյուջեից ևս 100 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանակերտին։ Այդ նպատակով 2020թ. բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձևւավորման և այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց և կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի՝ թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական հիմնարար աշխատանքների իրականացմանը։
Երևանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման գործում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին գումարված արտահերթ նիստում ևս որոշում կայացվեց համայնքի 2020թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ հատկացնել Ստեփանակերտին՝ նախատեսվող հիմնարար բնույթի աշխատանքների իրականացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: