Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) օպերատիվ աշխատողները կանխել են ահաբեկչական գործողությունները, որոնք նախապատրաստել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները:
«Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ հանդերձված խոցող բաղադրիչներով, այլ առարկաներ և փաստաթղթեր»,-ասվում է հայտարարության մեջ:
Ուժայիններին հաջողվել է Վլադիմիրսկի մարզում ձերբակալել խմբի մասնակցին, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է: Թե որտեղ են գտնվում մյուս կասկածյալները, չի նշվում:
ԱԴԾ-ն նաև տեղեկություններ ունի, որ խմբի անդամները հավաքագրել են պոտենցիալ զինյալների և դրամ հավաքել ահաբեկիչների կարիքների համար: Միայն վերջին ամիսների ընթացքում սա Ռուսաստանում ահաբեկչությունների կասեցման արդեն առնվազն չորրորդ դեպքն է: Այս աշնանն ուժայինները հարձակումներ թույլ չեն տվել Մոսկվայում, Վոլգոգրադում և Ստավրոպոլում: Ընդհանուր առմամբ, դատելով ԱԴԾ-ի հաշվետվություններից, ամեն տարի պոտենցիալ գրոհների թիվը հասնում է տասնյակների: Ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի խոսքով՝ Ռուսաստանում տասը տարում կանխել են 150-ից ավելի ահաբեկչական գործողություններ: Դրա հետ մեկտեղ ԱԴԾ-ում քանիցս նշել են, որ հատուկ ուշադրություն են հատկացնում արմատական իսլամի տարածմանն աշխատանքային միգրանտների շրջանում և գաղութներում, որտեղ պահվում են արդեն դատապարտված այն ահաբեկիչները, որոնք Ռուսաստան են վերադարձել Սիրիայի և Իրաքի պատերազմներից: