Վերջին մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում 87 պայթյունավտանգ առարկա են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է EADaily-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքում ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան երկու հեկտար տարածք և մոտ 3կմ ճանապարհահատված, ինչպես նաև վնասազերծել են 144 պայթյունավտանգ առարկա։
«Իրականացվել է ինժեներական հետախուզություն ու Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասում ավելի քան 1,5 կմ ճանապարահատվածի մաքրում պայթյունավտանգ իրերից։ Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տարվել են հատուկ սարքավորումներով հագեցած հրաձգարաններ ու ոչնչացվել», - ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զինամթերքը, որը հնարավոր չի լինում տարհանել հրաձգարան, ոչնչացվում է տեղում։
Ականազերծման աշխատանքներին մասնակցող զինծառայողները հատուկ պաշտպանական հանդերձանքով են ու զինված են ժամանակակից ական որոնող ԻՄՊ-Ս2 միջոցներով ու ԻՆՎՈՒ-3Մ որոնիչներով։
Նախօրեին տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար Ստեփանակերտ է ժամանել ՌԴ ԱԻ նախարարության հավելյալ խումբ։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները և էներգետիկայի նախարարության մասնագետները: