ՌԴ-ն ողջունում է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի, Արխիվների միջազգային խորհրդի, Թանգարանների միջազգային խորհրդի, Գրադարանների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի և հաստատությունների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ԱրմԻնֆոն:
Նրա խոսքով` այս հեղինակավոր ՀԿ-ները` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերները, կոչ են արել բոլոր կողմերին, որոնք ներգրավված են հրադադարի մասին համաձայնագրի իրագործման մեջ, ակտիվ ռեժիմով հարգալից վերաբերմունք և պաշտպանություն ապահովել մշակութային, պատմական, ճարտարապետական և կրոնական ժառանգության բոլոր օբյեկտների նկատմամբ, այդ թվում` զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի դրույթների համաձայն:
«Մենք ակնկալում ենք, որ այդ կազմակերպությունների փորձագիտական ներուժը, իսկ դրանք ճանաչված են ամբողջ աշխարհում, ամբողջությամբ կգործարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության նախապատրաստման և տարածաշրջան գործուղման գործընթացում` հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ»,- նշել է Զախարովան: