ՀԱՊԿ պաշտպանության նախարարների ու արտգործնախարարների խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ անելու արձանագրության նախագիծը: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Վաղը ՀԱՊԿ պաշտպանության նախարարների ու արտգործնախարարների խորհրդի քննարկմանը կներկայացվի ՄԱԿ-ի իրավական բազայի վրա պատրաստված, ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին բազային համաձայնագրում փոփոխություններ մտցնելու արձանագրության նախագիծը։ Այն նախատեսում է հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին՝ համակարգող պետության միջոցով, որին Հավաքական անվտանգության խորհուրդն ընտրում է ՀԱՊԿ անդամ պետություններից», - ասել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ փաստաթղթի ստորագրումից հետո այն պետք է վավերացվի կազմակերպության անդամ երկրների խորհրդարաններում։