Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է թողնել պաշտոնը, եթե ընդդիմությունը հաղթանակ տանի երկրի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
«Եթե հաղթենք, մենք առաջ կընթանանք, բայց ես նաև պետք է ասեմ, որ իմ ճակատագիրը թողնում եմ ձեր ձեռքերում, եթե ընդդիմությունը հաղթի, ես կհեռանամ նախագահի պաշտոնից, եթե ընդդիմությունը հաղթանակ տանի ընտրություններում, ես այլևս այստեղ չեմ մնա, իմ ճակագագիրը Վենեսուելայի ժողովրդի ձեռքերում է»,-հայտարարել է Մադուրոն դեկտեմբերի 1-ի իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսությամբ:
Վենեսուելայի միապալատ խորհրդարանի Ազգային ասամբլեայի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 6-ին՝ 107 քաղաքական կուսակցությունների և միավորումների մասնակցությամբ: Ընդդիմադիր դաշինքը՝ այս մարմնի նախկին խոսնակ Խուան Գուայդոյի կուսակցության մասնակցությամբ, որոշել է չմասնակցել ընտրություններին: 2019 թվականի հունվարի 21-ին Վենեսուելայում զանգվածային բողոքներ էին սկսվել նախագահ Մադուրոյի դեմ՝ անմիջապես նրա երդմնակալությունից հետո: Այդ ժամանակ գործող Ազգային Ասամբլեայի խոսնակ Գուայնդոն իրեն անօրինականորեն հռչակեց պետության ժամանակավոր ղեկավար:
Արևմուտքի մի շարք երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, հայտարարեցին Գուայդոյին ճանաչելու մասին: Իր հերթին Մադուրոն խորհրդարանի ղեկավարին համարեց ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ պաշտպանեցին Մադուրոյին որպես երկրի օրինական նախագահի: