ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է համացանցում տարածված լուրերին, թե արտերկրից ստացված օգնությունը՝ ռազմական պարագաները, list.am-ում հանվել են վաճառքի: Այդ մասին Գլխավոր դատախազի խորհրդականը գրել է Ֆեյսբուքի իր էջում: «Համացանցում հայտնված նյութերն այն մասին, որ առուվաճառքի հայտարարությունների առանձին կայքերով, (մասնավորապես՝ list.am-ով) վաճառքի են հանվել արցախյան պատերազմի ընթացքում որպես արտերկրից ստացված օգնություն ներկայացվող ռազմական պարագաները, հանդերձանքի մասերը և այլն, վեր են հանվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ՀՀ զինվորական դատախազությունից ուղարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ ներկայացվող տեղեկություններն ստուգելու հանձնարարությամբ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գրել է Աբրահամյանը: