Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2019թ.-ին մեր երկրում աղքատության մակարդակը կազմել է 26,4 %:
Նշենք, որ 2018թ.-ին թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է 23,5 %: 2017թ.-ին նույն ցուցանիշը կազմել է 25,7 %:
Չնայած հանգամանքին, որ Վիճակագրական կոմիտեի կողմից կա պարզաբանում, համաձայն որի 2019թ. ցուցանիշը համադրելի չէ 2018թ.-ի ցուցանիշին, քանի որ մեթոդաբանություն է փոխվել, բայց հասկանալի է, որ շեղումը չէր կարող լինել շատ մեծ: Անգամ ամենալավատեսական մոտեցումն ունենալու պարագայում կարող ենք ենթադրել, որ աղքատության մակարդակը մնացել է անփոփոխ, չի ավելացել:
Մինչդեռ անգամ ելնելով վերջին՝ իրականում անիրատեսական կանխավարկածից, միևնույն է առաջանում է հարց. այդ ինչպե՞ս է ստացվում, որ 2019թ.-ին, երբ հանրությանն ամեն օր համոզում էին «տնտեսական հեղափոխություն» կոչվածի իբրև թե փաստով, աղքատության ցուցանիշում փոփոխություն տեղի չի ունենում: Այս հարցադրումն առավել քան տեղին կլինի, հատկապես այն պարագայում, եթե դուրս գանք նախորդ կանխավարկածից և դիտարկենք ավելի ռեալ տարբերակը, որ աղքատությունն այնուամենայնիվ մեր երկրում ավելացել է, գուցե 2018թ.-ի ցուցանիշի հետ անհամադրելիության արդյունքում ոչ 2,9 %-ով, բայց ավելացել է:
Նշենք, որ աղքատության մակարդակի մասին վկայող ցուցանիշը մեր երկրում հաշվարկվում է՝ հիմնվելով սպառմանն ուղղված ծախսերով: Սա նշանակում է, որ 2019թ.-ին ավելի շատ բնակիչ է սկսել ավելի քիչ սպառել: Իսկ 2019թ.-ը, հիշեցնենք, «աննախադեպ» տնտեսական աճ գրանցած տարին էր (ցուցանիշը՝ 7,6 %, որը նախորդ իշխանության ղեկավարման ժամանակահատվածի ամենավերջին տվյալից ավել էր ընդամենը 0,1 %-ով): Հասկանալի է, որ 2020թ.-ի ցուցանիշն ավելի վատթար է լինելու:
Աղքատության 2019թ.-ի թվականի ցուցանիշի մասին խոսելիս չենք կարող պարզապես չհիշել Հայաստանի դեռ վարչապետ հանդիսացող անձի հայտնի հայտարարությունը՝ «մարդու աղքատությունը առաջին հերթին գլխում է»:
Մեզ մնում է միայն հասկանալ, արդյո՞ք 2019թ.-ին աղքատությունն է՛լ ավելի է ամրապնդվել Հայաստանի բնակչության գլխում: