Բեռլինի իշխանությունները կիրակի որոշում են կայացրել դեկտեմբերի 16-ից խստացնել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սահմանափակումները, հաղորդում է Der Tagesspiegel թերթը:
Պարբերականի տեղեկություններով՝ բնակիչների տեղաշարժը կսահմանափակվի. տներն ու բնակարանները թույլ կտան լքել միայն հիմնավոր պատճառով, օրինակ, գնումներ կատարելու, բժշկի այցելելու, դրսում սպորտով զբաղվելու կամ ընտանի կենդանիների հետ զբոսնելու համար: Կարգելեն ալկոհոլ վաճառել այնտեղ, որտեղ թույլ են տալիս անմիջապես օգտագործել այն, այսինքն՝ գլինտվեյնի վաճառակետերում, արագ սննդի կետերում:
Դպրոցները փակ կլինեն մինչև հունվարի 10-ը: Միևնույն ժամանակ ԳԴՀ-ի իշխանությունները ցանկանում են բաց պահել մանկապարտեզները: Նշվում է, որ Բեռլինում ծնողների 52 տոկոսը միայնակ է դաստիարակում իրենց երեխաներին, ուստի նրանք ստիպված կլինեն նորովի կազմակերպել իրենց աշխատանքային կյանքը դպրոցների և մանկապարտեզների փակման դեպքում: Այդուհանդերձ, ծնողներին կոչ են անում հնարավորինս երեխաներին տանը թողնել:
Մանրածախ առևտրի վաճառակետերը դեկտեմբերի 16-ին կփակվեն, բացի կենսական անհրաժեշտության ապրանքների խանութներից: Կշարունակեն գործել գրախանութները, հեծանվային, տնտեսական խանութները, մեծածախ առևտրի կետերը:
Կարանտինի միջոցառումները կխստացվեն ծերանոցներում և հիվանդ մարդկանց խնամքի հաստատություններում: