ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 21-ից շրջանառության մեջ է դրել «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է և Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը:
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը քրիստոնեական աշխարհի առաջին պաշտոնական Տաճարն է, որը կառուցվել է 301-303 թթ.՝ Սբ Տրդատ Գ. Մեծ հայոց արքայի և Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նախաձեռնությամբ և ջանքերով: Տաճարը կառուցվել է Սբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, համաձայն որի՝ Աստծո Միածին որդին՝ Հիսուս Քրիստոսը, իջնելով Արարատյան դաշտ՝ քաղաքամայր Վաղարշապատ, պատվիրել է, որ հենց այդ տեղում լինի Աստծո տաճարը՝ «բոլոր հավատացյալների աղոթքի ու խնդրանքների տունը և քահանայապետության Աթոռը»:
Ի սկզբանե Մայր Տաճարը կառուցվել է խաչաձև հիմքով և կենտրոնական գմբեթով, որով էլ Սուրբ Էջմիածինը համաշխարհային եկեղեցական ճարտարապետության մեջ հանդիսանում է առաջին խաչահիմն գմբեթավոր տիպի տաճարը: XVII դարում Մայր Տաճարի արևմտյան մուտքին կցակառուցվել է եռահարկ զանգակատուն, ինչպես նաև փոքրիկ զանգակատներ՝ հյուսիսային, արևելյան և հարավային աբսիդների վրա: 1869 թ. Տաճարի արևելյան պատի ողջ երկայնքով կցակառուցվել է երեք սրահ՝ որպես ավանդատուն-թանգարան: XVII-XVIII դդ. Մայր Տաճարի ներսը զարդարվել է որմնանկարներով, որոնք վրձնել է հայ նշանավոր նկարչական՝ Հովնաթանյան ընտանիքը: