Արցախի եւ Հայաստանի օմբուդսմենները վեց փակ զեկույց են պատրաստել հայ գերիների սպանությունների, անմարդկային վերաբերմունքի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինվորականների կողմից զոհվածների մարմինների անարգման փաստերով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արտակ Բեգլարյանը, որն այսօր հեռանում է Արցախի օմբուդսմենի պաշտոնից:
Նրա խոսքով՝ զեկույցները պատրաստվել են բաց աղբյուրների, լրատվամիջոցների եւ համացանցի տվյալների հիման վրա: Զեկույցները փակ են, քանի որ պարունակում են սարսափազդու լուսանկարներ եւ տեսանյութեր: Այդուհանդերձ, զեկույցները փոխանցվել են Հայաստանի եւ Արցախի համապատասխան պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին:
Բեգլարյանը նշեց, որ արձագանքել են մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարները նույնպես հետազոտություններ են անցկացնում: Բայց միջազգային հանրությունն իր հայտարարություններում հիմնականում զուսպ է եւ արհեստականորեն հավասարության նշան է դնում, ինչը բացարձակապես անընդունելի է: Դրական նորությունն այն է, որ հրապարակայնորեն հայտարարվել է մոնիթորինգային այց կատարելու մտադրության մասին: Ճիշտ է, այցն ուշացել է, այդուհանդերձ Արցախում այն ողջունում են, գրում է News.am-ը:
«Լավ կլիներ, որ նրանք Ղարաբաղը չմեկուսացնեին մինչեւ պատերազմը կամ այցելեին պատերազմի ժամանակ: Չեն արել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Հույս ունենք, որ դրանից հետո նրանք չեն քաղաքականացնի չճանաչված երկրներ այցերը եւ իրենց մանդատը կկատարեն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումից անկախ»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը: