Իսրայելի Կնեսետը (խորհրդարան) պաշտոնապես արձակվել է. երկրին մարտի 23-ին սպասվում են նոր ընտրություններ: 23-րդ գումարման Կնեսետը պաշտոնապես արձակվել է վերջին ընտրություններից ինն ամիս անց:
Ավելի վաղ իսրայելական Կնեսետը նախնական հավանություն էր տվել խորհրդարանի արձակման և վաղաժամկետ ընտրությունների անցկացման օրինագծին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խորհրդարանի արձակման և վաղաժամկետ ընտրությունների անցկացման օրինագծի նախնական ընթերցումից հետո կոչ է արել կոալիցիայի գծով իր գործընկերոջը՝ «Կախոլ-Լավան» կուսակցության առաջնորդ Բենի Հանցին, դադարեցնել այդ նախաձեռնության առաջ տանելը: Հանցն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ իր խմբակցությունը պաշտպանելու է Կնեսետի արձակման օրինագիծը:
Նախարարի խոսքով՝ ինքը նման դիրք է զբաղեցրել վարչապետի հետ առաջացած տարաձայնությունների պատճառով: Քաղաքական ճգնաժամն Իսրայելում շարունակվում է 2019 թվականից: Երկրում երեք անգամ ընտրություններ են անցկացվել, և միշտ աջ և ձախ կուսակցությունները խորհրդարանում ստացել են մոտավորապես նույն քանակությամբ տեղեր, ինչը խոչընդոտել է կառավարության ձևավորմանը: 2019 թվականի ապրիլի և սեպտեմբերի ընտրությունների արդյունքներով՝ ո՛չ Հանցին, ո՛չ Նաթանյահուին չի հաջողվել կառավարություն ձևավորել: 2020 թվականի մարտին անցկացված ընտրություններից հետո Հանցը և Նաթանյահուն բանակցություններ են վարել ռոտացիոն կառավարության ձևավորման շուրջ, որոնք հաջողությամբ ավարտվել են ապրիլի վերջին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: