Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը պայմանավորվածություն են ձեռք բերել 2021 թվականին մատակարարվելիք ռուսական գազի գնագոյացման հարցի շուրջ:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ընկերության մամուլի ծառայությանը, կողմերը համապատասխան արձանագրությունը ստորագրել են Սանկտ Պետերբուրգում:
Նշվում է, որ ընկերությունը հաղորդագրության մեջ չի հստակեցրել գազամատակարարման գինը:
Բելառուսի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունն էլ իր հերթին տեղեկացրել է, որ գինը «գործնականում մնում է 2020 թվականի մակարդակին, սակայն զգալիորեն ցածր է, քան նախատեսված էր 2011 թվականի միջկառավարական համաձայնագրի բանաձևով»:
Նշվում է, որ մինչև տարեվերջ գործող պայմանագրի համաձայն՝ ռուսական գազի գինը Բելառուսի համար կազմում է 127 դոլար՝ մեկ խորանարդ մետրի դիմաց, թեպետ Մինսկը պնդում էր, որ այն նվազեցվի: