ԱՄՆ-ի յոթերորդ օկրուգի Վերաքննիչ դատարանը, որը գտնվում է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ), դեկտեմբերի 24-ին մերժել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբանական խմբի հայցը Վիսկոնսինի նահանգում նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման մասին: Այդ դատական ատյանը, որը քննում է Իլինոյսի, Ինդիանայի և Վիսկոնսինի նահանգների գործերը, ոչ համոզիչ է համարել Թրամփի իրավաբանների ներկայացրած փաստարկները, հաղորդում է Politico թերթը:
Վերաքննիչ դատարանի բոլոր երեք դատավորները չեն ընդունել այն փաստարկները, թե Վիսկոսինի ընտրական հանձնաժողովն իբր խախտել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը, մասնավորապես, հեռակա քվեարկության համար քվեաթերթիկները հավաքելիս: Արտահայտելով իր գործընկերների ընդհանուր կարծիքը՝ դատավոր Մայքլ Սքադերը հայտարարել է, որ նշված փոփոխություններն այնքան էական չեն, որ հակասեն սահմանադրական պահանջներին, որոնք ներկայացվում են նախագահական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը: Այսպիսով, դատարանն առանց փոփոխությունների է թողել այնտեղ անցկացված նախագահական ընտրությունների՝ նահանգի իշխանությունների կողմից հաստատված արդյունքները, որտեղ հաղթանակը տրվել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենին: