Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմությանը և արտերկրում գտնվող դրա առաջնորդներին մեղադրել է բելառուսական պետությունը կործանելու փորձերի և երկրի զարգացմանը կառուցողական այլընտրանք առաջարկելու ցանկության բացակայության մեջ:
«Ապստամբությունը, բլիցկրիգը կամ գունավոր հեղափոխությունը չանցան: Ուստի արտասահմանյան տաք գրասենյակներում նստած ձախողված «զմագարները» («մարտիկները») շարունակում են նոր ինտրիգներ հյուսել մեր պետության դեմ, ինչպես ասում են` «ի շահ բելառուս ժողովրդի»: Պարզապես ոչ մի լավ բան չի երևում: Այդ գործիչներն իրենց առանձնահատուկ գաղափարներն ու քաղաքականության ընկալումն ունեն»,- չորեքշաբթի հայտարարել է Լուկաշենկոն Մինսկի ՕՄՕՆ-ի բազա կատարած այցի ժամանակ, հաղորդում է «Բելտա» գործակալությունը:
Բելառուսի Նախագահը նշել է, որ կառուցողական այլընտրանք, ժողովրդի համակրանքի համար ազնիվ և բացահայտ պայքար փնտրելու փոխարեն, ընդդիմությունը փողոցային մարտերի կոչեր է անում: Երկրի ղեկավարի խոսքով` ընդդիմությունն և դրա առաջնորդները առկա խնդիրները հաղթահարելու իմաստալից երկխոսության փոխարեն փորձում են կասկածի տակ դնել պետական ինստիտուտների օրինականությունը:
Լուկաշենկոն նաև մեղադրել է ընդդիմությանը բելառուսական իշխանությունների կողմնակիցների և նրանց ընտանիքների նկատմամբ վրեժ լուծելու կոչերի տարածման մեջ:
«Մեր հարևանների օրինակով մենք տեսնում ենք, թե ինչի կարող է հանգեցնել զանգվածային գիտակցության և ժողովրդի պատմական հիշողության ոչնչացումը: Հատկապես` դրա ամենաակտիվ մասի` երիտասարդության շրջանում»,- հավելել է Բելառուսի ղեկավարը: Նա չի մանրամասնել, թե որ հարևան երկրին նկատի ունի: Ընդ որում, ավելի վաղ Բելառուսի նախագահը նախազգուշացրել էր Բելառուսում հարևան Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության մասին, որտեղ քաղաքական առճակատումը հեղաշրջումից հետո զինված բախման հանգեցրեց: