Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը գրանցվել է նաև ԱՄՆ Կոլորադո նահանգում: Այս մասին հայտարարել է նահանգապետ Ջարեդ Փոլիսը Twitter-ում:
«Այսօր մենք հայտնաբերել ենք COVID-19 B.1.1.7 շտամով առաջին դեպքը` նույն տարբերակով, որը հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում»,- գրել է Փոլիսը:
Նշվում է, որ հիվանդ տղամարդը վերջերս չի ճանապարհորդել:
Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոքը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի նոր, մուտացիայի ենթարկված տեսակ են հայտնաբերել, որն ավելի արագ է տարածվում, քան հայտնի շտամները: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս տեսակները: