2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո, նեյեմբերի 13-ից առ այսօր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում` որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով, որոնողական աշխատանքներն իրականացվում են նաև այսօր: Փրկարարական 3 ջոկատ այս պահին աշխատում է Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինչպես նաև Մեխակավանում (Ջաբրաիլ):
Ծառայության տնօրենի նախաձեռնությամբ, փրկարարական ջոկատների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները և տեղանքին ծանոթ ուղեկցողներ:
Նշվում է, որ աշխատանքները չեն դադարի նաև առաջիկա օրերին: