Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին այսօր այցելել է պապական նվիրակ Ժոզեֆ Սփիթերին։ Նա Վեհափառ Հայրապետին է փոխանցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի եղբայրական ողջույնները և վերջինիս կողմից նամակ է հանձնել Հայրապետին։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջից:
Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի կացության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ու Վատիկանի գործակցությանն առնչված հարցեր։ Հատուկ ուշադրության առարկա է դարձել Արցախի հարցը։
Արդարև, Արցախի պատերազմի շրջանում, Վեհափառ Հայրապետը պապական նվիրակին միջոցով մեր մտահոգություններն ու սպասումներն է փոխանցել Սրբազան Քահանայապետին և Վատիկանի պետական քարտուղարին՝ շեշտելով Արցախի անկախության ճանաչման հրամայականը։
Պապական նվիրակը հայտնել է Նորին Սրբությանը, որ Վատիկանը հետևում է Արցախում տեղի ունեցող զարգացումներին՝ միշտ կապի մեջ լինելով հատկապես Ռուսաստանի հետ։
Վեհափառ Հայրապետը ջերմորեն ողջունել է թե Լիբանանի և թե Հայաստանի ու Արցախի նկատմամբ Սրբազան Քահանայապետի ցուցաբերած նախանձախնդրությունը։