Ես հույս ունեմ, որ խաղաղություն կլինի, և ես հիմնվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի և Ադրբեջանի եկեղեցական և կրոնական իշխանությունների դիրքորոշումների վրա: Այս մասին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, փոխանցում է RG.ru-ն:
«Դուք գիտեք, որ Ռուսաստանի եկեղեցին նախաձեռնել է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկում` Ամենայն Հայոց կաթողիկոսի և Գերագույն մուֆթիի` Ադրբեջանի գերագույն մուսուլման առաջնորդ Փաշա-զադեի մասնակցությամբ:
Մենք նման բանակցությունների մի քանի փուլ ենք անցկացրել և պայմանավորվել ենք շատ հարցերի շուրջ: Եվ ես կարծում եմ, որ այս բանակցությունների հիմնական արդյունքն այն է, որ երկու հոգևոր առաջնորդները, որոնց թիկունքում կանգնած է ժողովրդի մեծամասնությունը, խոսեցին միմյանց հետ, և այս զրույցը շատ հանգիստ էր այն իմաստով, որ չկային մեղադրանքներ, լարվածություն: Չնայած յուրաքանչյուրն ուներ իր փաստարկները, և այդ փաստարկներն ազնվորեն էին արտահայտվում, դրանք չեն ուղեկցվել ատամների կրճտոցով, երբ հույզերը գերակշռում են և երբ երկխոսությունը գրեթե բանավոր պատերազմի է վերածվում: Նման բան երբեք չի եղել, և դա տեղի էր ունենում այն պատճառով, որ հենց հոգևոր առաջնորդներն են լիովին պատասխանատվություն կրում իրենց ժողովրդի հոգևոր վիճակի համար:
Իսկ ի՞նչ է հոգևոր վիճակը: Ինչպիսի՞ ուժ կգերակշռի` խաղաղությա՞ն, սիրո՞, հանգստությա՞ն կամ չարիքի՞ ուժը, թե՞ չարության ուժը: Ահա դրանից էլ կախված կլինի մարդկանց պահվածքը:
Հետևաբար՝ կրոնական առաջնորդների դերը կարևոր է. մենք այն չենք չափազանցնում, բայցև չենք էլ թերագնահատում: Ի վերջո, այս բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել շատ հստակ արդյունքներ` գերիների փոխանակում, կրոնական խորհրդանիշների, կրոնական արտահայտությունների, կրոնական մոտիվացման չկիրառում պատերազմող կողմերին ոգեշնչելու համար: Հանելով կրոնական գործոնն այս առճակատումից` մենք, իհարկե, էապես իջեցրեցինք այս հակամարտության հնարավոր աստիճանը` դրանից բխող հետևանքներով: Ուստի, առանց չափազանցնելու կրոնական առաջնորդների դերը, ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն:
Ռուսական եկեղեցին պատրաստ է նաև մասնակցել այս գործընթացին` շատ բարդ խնդրի լուծման գործում իր խաղաղապահ ներդրումն ունենալու համար, որը, ցավոք, այս պահին կարող էր կասեցվել միայն ռուս խաղաղապահների առկայությամբ: Աստված տա, որ կրոնների խաղաղարար ներուժը փոխարինի պատերազմող կողմերը բաժանած զենքով մարդկանց ներկայությանը»,- ասել է Համայն Ռուսիո պատրիարքը: