ԱՄՆ նորընտիր նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, որը երկուշաբթի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, բոլոր ամերիկացիներին կոչ է արել հետևել իր օրինակին և պատվաստվել: Նա համապատասխան հայտարարությունը հրապարակել է Twitter-ում:
«Բարեկամներ, հենց նոր ինձ ներարկեցին COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, և ինչպես առաջին դեղաչափի դեպքում, ամեն ինչ շատ արագ, անվտանգ ու առանց ցավի անցավ,- նշել է Բայդենը: - Ես բոլորին կոչ եմ անում պատվաստվել, երբ հերթը ձեզ հասնի: Միայն միասին մենք կկարողանանք կյանքեր փրկել և հաղթել այս վիրուսը»:
ԱՄՆ-ում պատվաստանյութերի բաշխման կարգը նահանգից նահանգ տարբերվում է, սակայն այս պահին դրանք առավելապես հասանելի են բժիշկներին, բուժհաստատությունների աշխատակիցներին, ինչպես նաև ծերանոցների աշխատողներին ու կենվորներին և ստացիոնարներին: Նրանցից հետո կարող են պատվաստվել արտակարգ ծառայությունների աշխատողները և 75-ն անց քաղաքացիները, նրանց կհաջորդեն 65-74 տարեկան մարդիկ, ինչպես նաև 16-64 տարեկանները, եթե նրանց մոտ առկա են քրոնիկական հիվանդություններ:
Բայդենը երկուշաբթի ավելի վաղ մամուլի ներկայությամբ ստացել էր ամերիկյան Pfizer ընկերության և գերմանական BioNTech-ի մշակած պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Բայդենը դեղամիջոցի առաջին դեղաչափով պատվաստվել էր դեկտեմբերի 21-ին: