Մոսկվայում կայացած բանակցությունները ևս մեկ անգամ հստակ ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ունակ չէ Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու: Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել:
Մոսկովյան հանդիպումից առաջ իշխանությունը հայտարարում էր, որ տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը պայմանավորված է լինելու գերիներին և պատանդներին վերադարձնելու հարցի լուծումով կամ գոնե այդ հարցում էական առաջընթացով: Հանդիպման արդյունքում մեզ համար այս անչափ կարևոր հարցում որևէ առաջընթաց չունենք, փոխարենը կա ժամանակացույցով ամրագրված հստակ պայմանավորվածություն տնտեսական խնդիրների վերաբերյալ:
Այս պահին Հայաստանի և Արցախի առաջ ծառացած մարտահրավերներից և խնդիրներից գերիների և պատանդների վերադանձելու հարցն, ըստ էության, ամենաբարդ խնդիրներից չպետք է լիներ՝ հաշվի առնելով հարցի մարդասիրական բնույթը, նոյեմբերի 9-10-ի հայտարարության մեջ այս հարցի ամրագրումը և հետագայում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիներին և պատանդներին փոխանակելու մասին կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:
Սակայն իշխանության անհեռատես գործողությունների արդյունքում մենք այսօր Ադրբեջանում ունենք տասնյակ գերիներ, որոնց Բաքուն հրաժարվում է վերադաձնել՝ մի մասին արդեն իսկ ներկայացնելով որպես ռազմական հանցագործ, իսկ Արցախում դատապարված իրական հանցագործներին Հայաստանը շտապել է վերադարձնել Ադրբեջանին հետագա բանակցությունների համար չթողնելով իր համար որևէ խաղաթուղթ:
Հարցը կրկին օրակարգ բերելու, լուծում տալու համար այսօր կարևոր է նաև, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշում գործադրվի, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունն սկսի աշխատել միջազգային հանրության հետ:
Այս հարցում մենք այսօր արդյունավետ համագործակցություն չունենք նույնիսկ մեր ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որը հանդիսանում է նաև նոյեմբերի 9-10-ի պայմանավորվածությունների միջնորդը: Սա նաև Ռուսաստանի հետ այս իշխանության համագործակցության ցուցիչ է: