Արցախի իշխանություններն արդեն դիմել են ուսական խաղաղապահ զորակազմին այսօր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքի առթիվ: Այս մասին Aysor.am-ին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Վերջին օրերին հակառակորդի սադրիչ նպատակով իրականացված գործողությունների հետևանք ենք սա որակում, ինչպես գիտենք՝ վերջին օրերին Շուշիից օդ էին կրակում, այսօր, արդեն, շատ կոնկրետ թիրախային կրակոց է եղել, ինչը, միանշանակ, արժանի է քննադատության, որովհետև սա նշանակում է Ադրբեջանի կողմից ոչ միայն հրադադարի ռեժիմի, այլև՝ բոլոր պայմանավորվածությունների խախտում ու անհարգալից վերաբերմունք խաղաղապահ զորակազմի նկատմամբ», - ասել է Վահրամ Պողոսյանը։
«Իրավիճակի մասին արդեն տեղեկացված է խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը և հույս ունենք, որ դեպքն անարձագանք չի մնալու, որովհետև եթե նման սադրանքները շարունակվեն, բնականաբար, հետևանքները շատ ավելի վատ կարող են լինել։ Պետք է բոլոր ջանքերը գործադրենք նման սադրանքները բացառելու ու տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար», - նշել է Վահրամ Պողոսյանը։
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: