Այսօր Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի, փոխարտգործնախարարների և նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ, տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Բաբայանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք է մաղթել:
«Նոր իրողություններից ելնելով՝ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքների ուղղվածությունն ու ծավալն է փոխվել»,- ասել է խորհրդարանի ղեկավարը և մարտահրավերներին դիմագրավելու հարցում Ազգային ժողովի աջակցությունը հայտնել արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Այդ համատեքստում երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը երկու կարևոր հարց է առանձնացրել՝ ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը: Արթուր Թովմասյանը կարևորել է Հայաստանի արտգործնախարարության հետ կապերի խորացումը ու անհետ կորածների որոնման հարցում ջանքերի ակտիվացումը :
Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: