Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում Կորեայի Աշխատանքային կուսակցության 8-րդ համագումարի պատվին կազմակերպված հանդիսավոր ռազմական շքերթի ժամանակ ներկայացվել են ստորջրյա բազավորման ռազմավարական բալիստիկ հրթիռներ, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«Աշխարհում ամենահզոր զենքը՝ ստորջրյա բազավորման ռազմավարական բալիստիկ հրթիռները, մեկը մյուսի հետևից» ցուցադրել են հրապարակում՝ «ցույց տալով Հյուսիսային Կորեայի հեղափոխական զինված ուժերի հզորությունը», ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Գործակալությունը հայտնում է, որ շքերթն անցել է Փհենյանի կենտրոնում Կիմ Իր Սենի հրապարակում՝ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի մասնակցությամբ: Միջոցառմանը ցուցադրել են նաև տակտիկական հրթիռների և ինքնագնաց հրետանային կայանքների նորագույն նմուշներ: