ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հանդիպել է ՀՀ զինվորական դատախազության առջև հավաքված՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ՝ լսել ընդհանուր գծերով բարձրացվող նրանց մտահոգությունները, հուզող հարցերը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
ՀՀ զինվորական դատախազը տվել է համապատասխան պարզաբանումներ՝ հավաստիացնելով, որ պատերազմին և դրա աղետալի հետևանքներին հանգեցրած հանգամանքները, դրանց վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացված տեղեկություններն ու տվյալները ստուգվում են հարուցված բազմաթիվ քրեական գործերով:
Առավել առարկայական քննարկում ունենալու, քաղաքացիների հուզող հարցերը, պահանջներն ու առաջարկությունները հստակ արձանագրելու նպատակով ՀՀ զինվորական դատախազը հավաքված քաղաքացիներին առաջարկել է ընդունելության կազմակերպում ՀՀ զինվորական դատախազությունում։
Պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողների շուրջ մեկ տասնյակ ծնողներին և հարազատներին ընդունել է նաև ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետը, Երևանի կայազորի զինվորական դատախազը, այլ դատախազներ:
ՀՀ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը հանդիպման մասնակիցներին վստահեցրել է, որ բարձրացված հարցերի մեծամասնությունը արդեն իսկ գտնվում է քրեական գործերով դատավարական ղեկավարում իրականացնող համապատասխան դատախազների ուշադրության կենտրոնում, իսկ լրացուցիչ տվյալները, որոնք ներկայացվել են՝ պետք է դառնան դետալային քննության առարկա:
Միաժամանակ ծնողներին տեղեկացվել է, որ բարձրացված բոլոր հարցերով քննության առարկան ենթադրում է լայնածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների կատարում, ինչի համատեքստում ստացված ու իրենց վերաբերելի տվյալները անպայման հասանելի են դառնալու: Միաժամանակ, Տիգրան Ամբարյանը հորդորել է համագործակցել վարույթն իրականացնող մարմինների հետ՝ իրենց հայտնի աբողջական տեղեկություններն ու նյութերը նրանց տրամադրելով: