Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը։ Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար` շեշտելով նաև կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված օժանդակությունը:
ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին փոխվարչապետին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Այս շրջանակներում երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի բարեփոխումները:
Հանդիպման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի կողմից ներկայացվել են կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:
Զրուցակիցները անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը: