Թուրքիայից դրական ուղերձները պետք է ամրապնդվեն կոնկրետ քայլերով, հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն, փոխանցում է Ahval կայքը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ տեսակոնֆերանսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Եվրամիությունը դեռևս կարևոր դեր է զբաղեցնում Թուրքիայի օրակարգում, և երկիրը տեսնում է իր ապագան Եվրոպայի հետ:
Սակայն ԵՄ երկրների, այդ թվում՝ Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի պաշարների շուրջ Հունաստանի և Կիպրոսի հետ լարված հարաբերությունները բարդացրել են դաշինքի հետ Թուրքիայի հարաբերությունները: Ստանոյի կարծիքով՝ Թուրքիան պետք է դուրս գա այդպիսի հռետորաբանության սահմաններից:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա ԵՄ դիրքորոշումը հստակ է՝ լարվածությունը պետք է նվազի, մեր նպատակը պետք է լինի երկխոսության և փոխգործակցության զարգացումը փոխադարձ շահերի հիման վրա առանց հրահրելու մասնակից երկրներից որևէ մեկին»,-հայտարարել է ԵՄ մամուլի քարտուղարը:
Ստանոյի խոսքով՝ ԵՄ դիրքորոշումը պետք է ներկայացվի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեփ Բորելի և Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուի միջև հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Բրյուսելում: