Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Քաղաքակրթությունների դաշինքի գործերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ քննարկել է Պետությունների ղեկավարների համաշխարհային խորհրդաժողովի անցկացումը, որը պլանավորված է 2022 թվականի մայիսին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Բանակցությունների կենտրոնում եղել է 2022 թվականի մայիսին Ռուսաստանում Միջխորհրդարանական միության գծով և ՄԱԿ-ի հովանու ներքո Պետությունների ղեկավարների, խորհրդարանականների և աշխարհի կրոնների առաջնորդների համաշխարհային խորհրդաժողովի անցկացման նախապատրաստումը՝ հանուն խաղաղության և մարդկության միջմշակութային և միջկրոնական երկխոսության շուրջ»,-ասվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Դաշինքի ջանքերը միջքաղաքակրթական և միջկրոնական երկխոսության ամրապնդման բնագավառում, որը նպաստում է քաղաքակրթական, էթնիկական և դավանական հողի վրա հակամարտությունների կանխմանը: Լավրովն ընդգծել է այն քայլերի նշանակությունը, որոնք Ռուսաստանի կողմից ձեռնարկվում են այդ ուղղությամբ: Քաղաքակրթությունների դաշինք միջազգային կազմակերպությունն ստեղծվել է Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի նախաձեռնությամբ՝ 2004 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի 59-րդ գլխավոր վեհաժողովի ժամանակ:
Նախաձեռնության նպատակը ծայրահեղականության դեմ միջազգային գործողությունների ակտիվացումն է՝ ազգամիջյան, միջմշակութային և միջկրոնական երկխոսության ու փոխգործակցության կարգավորման միջոցով: