Երեկ Սպիտակ տունը պաշտոնապես հրապարակեց Բայդեն-Հարիս վարչակազմի հրատապ առաջնահերթությունները:
«Արմեդիա» ՏՎԳ-ն իր ընթերցողներին է ներկայացնում այդ հրապարակման ոչ պաշտոնական թարգմանությունը:
Նախագահ Բայդենն առաջին հերթին հրատապ գործողություններ է իրականացնելու և անհապաղ օգնություն ցուցաբերելու ամերիկյան ընտանիքներին, քանի որ երկիրը բախվել է միանգամից մի քանի ճգնաժամերի:
Սա կներառի գործողություններ ուղղված՝
COVID-19
Նախագահ Բայդենը սեղմ ժամկետներում կփորձի կանխել COVID-19 ճգնաժամը ՝ ընդլայնելով թեստավորման շրջանակը, անվտանգ վերաբացելով դպրոցներն ու ձեռնարկությունները, և ձեռնարկելով գիտական քայլեր ՝ օգնելու այս վիրուսի հետևանքով առավել ծանր տուժած համայնքներին:
Բացի այդ, Բայդենը կսկսի պատվաստումների ազգային ծրագիր` ԱՄՆ բնակչությանն արդյունավետ և հավասար պայմաններում պատվաստելու համար:
Կլիմա
Նախագահ Բայդենը արագ քայլեր կձեռնարկի կլիմայի հետ կապված արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար: Բայդենի վարչակազմը կապահովի, որ ԱՄՆ-ն բավարարի գիտականորեն սահմանված պահանջները, միևնույն ժամանակ հնարավորություն կտա ամերիկացի աշխատողներին և ձեռնարկություններին մաքուր էներգետիկ հեղափոխություն իրականացնել:
Ռասայական արդարություն
Նախագահ Բայդենի և իր վարչակազմի համար օրակարգի կարևորագույն հարցերից է ռասայական արդարադատություն ներդնելը Դաշնային բոլոր գործակալություններում և տարբեր ծրագրերում:
Այդ ուղղությամբ Բայդենը գործողություններ կձեռնարկի արդարադատության համապարփակ օրակարգ առաջ մղելու համար, մասնավորապես՝ քրեական արդարադատության բարեփոխումներ իրականացնելու, առողջապահության և կրթության ոլորտներում անհավասարությունը վերացնելու, արդար բնակարանային պայմաններ ստեղծելու և Ցեղային ինքնիշխանության (խմբ.- վերաբերում է ՝ Ամերիկայի հնդկացիներին, Ալյասկայի բնիկներին) նկատմամբ Դաշնային հարգանքը վերականգնելու համար, որպեսզի Ամերիկայում բոլորն ունենան իրենց ներուժն իրականացնելու հնարավորություն:
Տնտեսություն
Նախագահ Բայդենը քայլեր կձեռնարկի տնտեսության մեջ առկա անհավասարությունները վերացնելու, ինչպես նաև թեթևացնելու նրանց բեռը, ովքեր դժվարությունների առաջ են կանգնել COVID-19 համաճարակի պատճառով:
Նախագահը նաև կաշխատի Կոնգրեսի հետ, որպեսզի ընդունվի «Ամերիկայի փրկության ծրագիր» (American Rescue Plan)` համաճարակի ընթացքը փոխելու, տնտեսական վերականգնման կամուրջ կառուցելու և ռասայական արդարադատության մեջ ներդրում ունենալու համար:
Առողջապահություն
Բայդենը նոր պարտավորություն կստանձնի ընդլայնելու որակյալ, մատչելի առողջապահական ծառայություններ: Նա հիմնվելու է «Մատչելի խնամքի մասին» օրենքի (Affordable Care Act) վրա՝ համաճարակի ստեղծած առողջապահական կարիքները բավարարելու, առողջության պահպանման ծախսերը կրճատելու և առողջապահական համակարգն ավելի ճկուն դարձնելու համար:
Ներգաղթ
Նախագահ Բայդենը կվերափոխի քաոսի վերածված ներգաղթային համակարգը:
Բայդենի ռազմավարությունը հիմնված է լինելու այն հիմնական նախադրյալի վրա, որ Միացյալ Նահանգներն ավելի անվտանգ, հզոր և բարգավաճ երկիր է ՝ արդար և կանոնավոր ներգաղթային համակարգով, որը ողջունում է ներգաղթյալներին, միասին է պահում ընտանիքները և թույլ է տալիս ամբողջ երկրով մեկ՝ ինչպես նոր ժամանած ներգաղթյալներին, այնպես էլ նրանց, ովքեր ապրել են այդտեղ տարիներ ի վեր, ավելի լիարժեք ներդրում ունենալ այդ երկրում:
Աշխարհում ԱՄՆ դիրքերը վերականգնելը
Նախագահ Բայդենը քայլեր կձեռնարկի աշխարհում Ամերիկայի դիրքի վերականգնման, ԱՄՆ ազգային անվտանգության աշխատուժի ամրապնդման, ամբողջ աշխարհում ժողովրդավարական դաշինքների վերակառուցման, ամերիկյան արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև համաշխարհային տնտեսության մեջ հաջողության հասնելու նպատակով ամերիկյան միջին դասի վերազինման ուղղությամբ: