Թուրքիայի նախագահի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքկի Քաշինը բացահայտ սպառնացել է լրագրողին ազգային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ հայտարարելով, որ թուրքական հետախուզությունը կգտնի նրան և կկերակրի շնաձկներին:
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ Քաշինը CNN Türk հեռուստաընկերության եթերում սպառնալիքների տարափ է տեղացել Ստոկհոլմում ապրող վտարանդի լրագրող Աբդուլլահ Բոզքուրթի վրա և ասել, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը կգտնի նրան և կպատժի: «Թուրքիայի ազգային հետախուզությունը կգտնի նրան, ասեմ ձեզ: Չգիտեմ՝ հետախուզությունը կկերակրի նրանով ձկներին կամ շնաձկներին [որպես սպանության մարտավարություն], բայց դավաճանները միշտ մի օր ստանում են իրենց պատիժը»,- ասել է նա:
65-ամյա պրոֆեսոր Քաշինը Թուրքիայի նախագահին կից անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ է և ռազմավարական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն է տալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա նաև դասախոսություններ է կարդում Թուրքիայի տարբեր համալսարաններում: