ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում ույղուրների դեմ Չինաստանի գործողությունները որակել է որպես «ցեղասպանություն» և «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»:
«Առկա փաստերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո ես եկա այն համոզման, որ առնվազն 2017 թվականի մարտից սկսած ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ և վերահսկողությամբ, հանցագործություններ է իրականացրել մարդկության դեմ հիմնականում՝ Սինցզյան քաղաքում գտնվող մահմեդական ույղուրների և էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների այլ անդամների նկատմամբ…
Բացի այդ, առկա փաստերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո եկա այն եզրահանգման, որ ՉԺՀ-ն, ՉԿԿ-ի ղեկավարության և վերահսկողության ներքո, ցեղասպանություն է իրականացրել Սինցզյանում հիմնականում մահմեդական ույղուրների և էթնիկ և կրոնական փոքրամասնությունների այլ խմբերի նկատմամբ: Կարծում եմ, որ այս ցեղասպանությունը շարունակվում է, և որ մենք ականատես ենք լինում չինական կուսակցության կողմից ույղուրներին ոչնչացնելու համակարգված փորձին»,- նշել է Պոմպեոն իր տարածած հայտարարությունում:
Պոմպեոն հայտնել է, որ շարունակվող հանցագործությունները ներառում են.
Այս որոշմամբ, ԱՄՆ-ը փաստացի դարձավ առաջին երկիրը, որը Չինաստանի գործողություններն ույղուրների նկատմամբ որակեց որպես «ցեղասպանություն»: Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները հույս ունեն, որ մոտ ապագայում մյուս երկրները նույնպես կհետևեն ԱՄՆ-ի օրինակին:
Առաջին հայացքից հետաքրքրականն այն է, որ Պոմպեոն ույղուրների «ցեղասպանության» մասին հայտարարեց իր լիազորությունների ժամկետի ավարտից ընդամենը մեկ օր առաջ: Սակայն հարկ է նշել, որ ույղուրների հարցը մշտապես եղել է Թրամփի վարչակազմի օրակարգում: 2018թ.-ին Պոմպեոյի կողմից նախաձեռնված Կրոնական ազատության հարցերով նախարարական ամենամյա համաժողովի (Ministerial to Advance Religious Freedom) , ինչպես նաև 2019թ.-ին կրկին վերջինիս կողմից նախաձեռնված Միջազգային կրոնական ազատությունների դաշինք նախաձեռնության (International Religious Freedom Alliance) ընթացքում Չինաստանի ույղուրների խնդիրը եղել է օրակարգի կարևորագույն կետերից մեկը:
Ավելին, 2019թ.-ին Միացյալ Նահանգները «սև ցուցակում» ներառեց չինական 28 կազմակերպությունների, որոնք, ԱՄՆ Առևտրի նախարարության փոխանցմամբ, Չինաստանի Սինծյանի նահանգում ներգրավված են եղել ույղուրների իրավունքների ոտնահարմանն ուղղված գործողությունների մեջ:
Բացի այդ, 2020թ.-ի առաջին կեսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն, այնուհետև՝ Սենատը հավանության արժանացրեց «Ույղուրների իրավունքների պաշտպանության ակտ 2020» օրենքը, որով դատապարտվում էր Չինաստանի կոմունիստական կուսակցությանը «համակենտրոնացման ճամբարների» համար և խորհուրդ էր տրվում ավելի կոշտ արձագանքել տարածաշրջանում ույղուրների, էթնիկ ղազախների և այլ մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ մարդու իրավունքների խախտումներին: Օրենքը ԱՄՆ արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատվել և ստորագրվել է նույն թվականի հունիս ամսին:
Նշենք, որ իսկզբանե օրենքի նախագծին իր աջակցությունն էր ցույց տալիս ավելի քան 50 սենատորներից բաղկացած երկկուսակցական կոալիցիան: Հատկանշականն այն է, որ այս օրենքի նախագիծը ներկայացվել էր Ֆլորիդա նահանգի հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գլխավոր դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի կողմից:
Հարկ է այստեղ նկատել, որ ույղուրների հարցում դեմոկրատների և հանրապետականների դիրքորոշումը նույնական է: Դրա վառ ապացույցը նաև այն է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ մեկ անգամ չէ, որ նշել է, որ «Չինաստանի կառավարության կողմից Սինցզյան հյուսիս-արևմուտքում գտնվող ույղուր մահմեդականների և այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումները ոչ այլ ինչ է, քան «ցեղասպանություն»»:
Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա նշենք, որ Չինաստանի իշխանություններն ամենայն խստությամբ քննադատում են Միացյալ Նահանգների մեղադրանքները՝ դրանք անհիմն համարելով: Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունին վերջինիս անվանել է «ծաղրածու»՝ նշելով, որ Պոմպեոյի մեկնաբանությունն «անհեթեթ ստի հերթական օրինակն է, և որ Չինաստանում ցեղասպանություն երբեք չի եղել և չի լինի»: