Նիգերիացի ծովահենների կողմից Գվինեական ծոցում թուրքական նավի զավթման ժամանակ ադրբեջանցի է սպանվել: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Հայտնի է, որ ծովահենների զոհ է դարձել մեխանիկ Ֆարման Իսմաիլովը։ Անձնակազմի մյուս անդամները` 15 նավաստի, պատանդ են վերցվել։ Բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են։ Նրանց թվում վիրավորներ կան։
Թուրքական ԶԼՄ–ների տվյալներով` ծովահեններն ազատ են արձակել անձնակազմի երեք անդամի, այդ թվում նավապետներից մեկին` Ֆուրկան Յարենին։ Նրան հաջողվել է կապ հաստատել թուրքական կողմի հետ և պատմել, որ ծովահեններն իրենց նավի վրա ապամոնտաժել են գրեթե բոլոր նավիգացիոն սարքերը, և այժմ ինքը գրեթե կուրորեն է ղեկավարում նավը, հաղորդում է Sputnik Արմենիան։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահ Էրդողանն արդեն երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Յարենի հետ։
Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին և հանձնարարել է միջոցներ ձեռնարկել առևանգված նավի անձնակազմին փրկելու համար: