«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվել են հետպատերազմական իրավիճակում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ռազմագերիների վերադարձի գործընթացին, ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:
Դեսպան Կոպիրկինը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Գագիկ Ծառուկյանն իր հերթին վերհաստատել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորն է և Հայաստանի անփոխարինելի ռազմավարական գործընկերը:
ԲՀԿ նախագահը նշել է, որ հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք: ԲՀԿ նախագահը դեսպան Կոպիրիկինին խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու գործում ներդրած ակտիվ ջանքերի և դժվարին իրավիճակում հայ ժողովրդի կողքին կանգնելու համար: