Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը շնորհավորել է Բայդենին նախագահի պաշտոնում աշխատանքի մեկնարկի կապակցությամբ: Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորումը կհամապատասխաներ երկու երկրների շահերին, և, հաշվի առնելով նրանց հատուկ պատասխանատվությունը աշխարհում անվտանգության և կայունության պահպանման համար, ամբողջ միջազգային հանրության համար:
Նախագահները գոհունակություն են հայտնել Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին պայմանագրի երկարաձգման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու և դիվանագիտական նոտաների փոխանակման կապակցությամբ: Առաջիկա օրերին կողմերը կավարտեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը` միջուկային հրթիռների զինանոցների փոխադարձ սահմանափակման նպատակով այս կարևոր միջազգային իրավական մեխանիզմի հետագա գործունեությունն ապահովելու համար:
Քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Քննարկվել են համագործակցության հնարավորություններն այնպիսի լուրջ խնդրի շուրջ, ինչպիսին է կորոնավիրուսի համավարակը, ինչպես նաև համագործակցությունն այլ ոլորտներում, այդ թվում `առևտրատնտեսական:
Միջազգային թեմաներից շոշափվել են Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու, իրանական միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման խնդիրը, ուկրաինական ներքին կարգավորումը, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթաժողով անցկացնելու ռուսական նախաձեռնությունը:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների զրույցը կրել է գործնական և անկեղծ բնույթ: Ձեռք է բերվել շփումները պահպանելու պայմանավորվածություն: