Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցը, որը ընթացքում նա այցելեց Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա, կոչված էր ապահովել Իրանի առավել ներգրավվածությունը Արցախյան վերջին պատերազմի արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցող վերաձևավորումներին:
Տարածաշրջանում նոր տնտեսական և քաղաքական կապերի ստեղծման հարցում Իրանը փորձում է ստանձնել տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը: Թեհրանը բավականին լավ հարաբերություններ ունի երկրներից յուրաքանչյուրի հետ և կարող է էական դերակատարում ունենալ «3+3» ձևաչափով համագործակցության կյանքի կոչման հարցում, որը նախատեսում է Հարավային Կովկոսի երեք երկների և Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջև համագործակցության հաստատում՝ ելնելով տարածաշրջանում առկա իրողություններից և սպասվող ապաշրջափակման գործընթացից:
Զարիֆի այցի հիմնական նպատակների շարքում, ըստ էության, առանցքային էր այս վեցնյակի դիրքորոշումների մոտարկումը: Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ընդհանուր առմամբ կողմ են նման ձևաչափում համագործակցությանը, սակայն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները դժվար է անվանել կարգավորված, Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական քաղաքականություն՝ հարաբերությունների համար սահմանելով մի շարք նախապայմաններ, լուրջ խնդիրներ կան նաև Ռուսաստանի և Վրաստանի միջև: Ուստի, չնայած նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ ստեղծված հնարավորություններին, առաջակվող, այսպես կոչված, Կովկասյան պլատֆորմը կյանքի կոչելը բավականին բարդ է լինելու:
Նշենք, որ Հայաստանի դիրքորոշումն այս կապակցությամբ անհասկանալի է: Ընդհանուր առմամբ, տպավորություն է, որ գործող իշխանությունը ստեղծված իրավիճակում ոչ թե փորձում է Հայաստանի պետական շահերի տեսանկյունից առավելագույնս ստանալ, այլ համաձայնում է այն ամենին, ինչն իրեն առաջարկվում է կամ իրենից պահանջվում է:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նախաձեռնությունն արդեն քննադատության է արժանացել ադ երկրում: Թբիլիսին հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում քննարկել Ռուսաստանի հետ որևէ պլատֆորմում համագործակցությանը վերաբերող հարցեր և առաջարկում են համագործակցությունը դիտարկել «3+1» ձևաչափում՝ Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև:
Նշենք, որ տարածաշրջանում առաջացած տնտեսական հնարավորությունները իրացնելու ուղղությամբ այդ թվում նաև Իրանը, որի տնտեսությունը պատժամիջոցների հետևանքով չի կարողանում իրացնել ունեցած ողջ պոտենցիալը, ակտիվ աշխատում է ոչ միայն բազմակողմ ձևաչափեր ստեղծելու ուղղությամբ, այլև երկկողմ ձևաչափերում: Իրանն արդեն բավականին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին անցած տարածքների վերականգման գործընթացին ներգրավվելու հարցում և փորձում են այս հարցում պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի հետ: Ընդհանուր առմամբ, Իրանը հստակ ցույց է տալիս Ադրբեջանի հետ համագործակցության կարևորությունն իր համար: Բաքվում Զարիֆը շնոհրավորեց «Ադրբեջանին իր տարածքներն ազատագրելու համար», իսկ շրջայցը, որը նա սկսել էր Բաքվից, ավատեց Նախիջևանում՝ ցույց տալով այսօր տարածաշրջանում իր առաջնահերթությունները:
Սակայն ինչպես մյուս երկրների դեպքում, Իրանի համար ևս ստեղծված նոր իրողությունները միայն հնարավորություններ չէ, որ ստեղծում են: Լեռնային Ղարաբաղում հրադադարից հետո Իրանն առերեսվել է Թուրքիայի տարածաշրջանային դերի և իր սահմանների մոտ թուրքական ռազմական ներկայության մեծացման, պանթյուրքական տրամադրությունների աճի, գազի շուկայում մրցակցության մեծացման, իր սահմանների մոտ ահաբեկիչների առկայության և դրանից բխող մարտահրավերների, Իսրայելի և Ադրբեջանի բավականին սերտացած հարաբերությունների հետ:
Այս համատեքստում պետք է նայել նաև Երևանում Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է: Չնայած Հայաստանի գործող իշխանությունը փորձում է հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնել՝ ասելով, որ իբր սյունիքում տարածքներ զիջելը բարձրացնում է մեր անվտանգությունը կամ էլ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհները մեզ համար որևէ մարտահրավեր չեն պարունակում, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի հարավի նկատմամբ պանթյուրքական նկրտումները ակնհայտ են, ընդ որում այն աստիճան, որ Իրանն ԱԳ նախարարի մակարդակով ստիպված է անդրադառնալ այդ հարցին, քանի որ դա լուրջ մարտահրավեր է իր Իրանի տարածաշրջանային ազդեցության համար: