Պետական եկամուտների կոմիտեն թվայնացման գործընթացում հանդես է գալիս նոր գործիքակազմով: Շուտով իրավաբանական և ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան ՊԵԿ-ի էլեկտրոնային ծառայություններից օգտվել բջջային հավելվածի միջոցով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշեց, որ իրենք որդեգրել են բոլոր ծառայությունները մաքսիմալ թվայնացնելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու քաղաքականություն:
Բջջային հավելվածը կհեշտացնի ՊԵԿ-ի ծառայություններից օգտվողների գործը: Իրավաբանական և ֆիզիկական անձինք, բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցում է ՊԵԿ-ը՝ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ, հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգ և այլն, այդ ամբողջ կարող է ստանալ բջջային հավելվածի միջոցով: Նաև ֆիզիկական անձինք կկարողանան մուտք գործել անձնական էջ և իրենց հաշվետվությունները ներկայացնել ինքնահայտարարագրման շրջանակում: Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց, որ մշակվել է ծրագրի տեխնիկական նկարագիրը, այն կներկայացվի թվայնացման խորհուրդ: Այնուհետև կհայտարարվի մրցույթ պարզելու, թե ով կիրականացնի ծրագիրը: