Կենտրոնական բանկը փետրվարի 2-ին որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով: Արդյունքում Հայաստանում սահմանվեց 5,5 տոկոս վերաֆինանսավորման տոկոսադրույք:
Հիշեցնենք, որ սա վերջին երկու ամիսների ընթացքում ԿԲ նմանատիպ երկրորդ գործողությունն է: Նախորդն արվեց 2020թ.-ին դեկտեմբերի 15-ին՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացավ 1 %-ով:
Հաշվի առնելով հանգամանքը, որը ՀՀ Կենտրոնական բանկը որդեգրել է գնաճի կայուն մակարդակը պահելու քաղաքականությունն, ապա որպես այդ ուղղությամբ արվող գործողություն, ամենաընդունվածն աշխարհում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ինչ-որ իմաստով օրինաչափ գործողություն է: Բայց օրինաչափությանը զուգահեռ խիստ անհրաժեշտ է գնահատել այդ գործողության արդյունավետությունը, հատկապես հաշվի առնելով, որ գործ ունենք անգամ ճգնաժամի տեսանկյունից ոչ այնքան օրինաչափ իրավիճակի հետ:
Նախ հիշեցնենք, որ վերաֆինսավորան տոկոսադրույքն այն փողի գինն է, որը ԿԲ-ն ուղղում է առևտրային բանկերին՝ տնտեսությանն ու անհատներին հետագա վերավարկավորման նպատակով:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի տնտեսական էֆեկտը կայանում է հետևյալում. այն բարձրանալով, փաստացի թանկանում են տնտեսությունում շրջանառվող միջոցները, հետևաբար՝ նվազում է դրանց հասանելիությունը: Քիչ հասանելի միջոցները զսպում են տնտեսական գործընթացները: Օրինակ, քաղաքացիների համար վարկային միջոցների հասանելիության կրճատման արդյունքում նվազում է նրանց կողմից իրականացվող ծախսերը բարիքների կամ ծառայությունների ձեռքբերման համար: Արդյունքում, կրճատվում է վերջիններիս պահանջարկը, ինչը նվազեցնում է գները:
Այսօր փաստացի գործ ունենք ԿԲ-ի կողմից այս պրոցեսի իրականացման հետ, ինչի վերջնանպատակը գների աճը զսպելն է:
Երկու հանգամանքի վրա կարծում ենք արժե ուշադրություն դարձնել: Առաջինը գրեթե երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ այս գործիքին դիմելու հանգամանքն է, որը զուգորդվում է գների կայունացման հետ կապված մեղմ ասած ոչ այնքան մխիթարական պատկերով: Հետևաբար գործիքի կիրառման արդյունավետությունը հարցականի ներքո է:
Մյուս կողմից ևս մեկ անգամ վերաֆինասնավորման տոկոսադրույքի գործիքով կարելի է զսպել շուկայական գործնթացներով պայմանավորված գների աճը, օրինակ՝ գների համաշխարհային աճի ազդեցությունը: Մինչդեռ մեզ մոտ ներկայիս գնաճի պատճառների թվում զուտ շուկայական գործոնները միակը չեն, կամ նույնիսկ՝ փոքր մասնաբաժին ունեն: Փոխարենը մեծ է այնպիսի գործոնների ազդեցությունն, ինչպիսին են գազի սակագնի թանկացումը, հոսանքի թանկացումը, որոնց ազդեցությունը փոքր չէ գների վրա: Գնաճի այսօրվա տեմպին մեծապես նպաստում է դրամի արժեզրկումն ու առհասարակ տնտեսությունում պահպանվող անորոշությունն ու բացասական սպասումները, բայց դրանք առանձին խնդիր են և դժվար թե նույն վերաֆինանսավորման տոկոսադրույքով լուծվող:
Այս ամենը հաշվի առնելով, դժվար է սպասել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ այս կարճ ժամանակահատվածում ևս մեկ անգամ բարձրացումն առանձնապես լուրջ ազդեցություն կունենա գների աճի տեմպի վրա:
Փոխարենն այն հղի է տնտեսության համար առանց այդ էլ առկա խնդիրներն է՛լ ավելի խորացնելու վտանգով: Մասնավորապես, 2020թ.-ին տարեսկզբից երկու անգամ վերանայվեցին բյուջեի տարեկան սպասվող հարկային եկամուտները, ինչի արդյունքում, ելնելով տնտեսությունում ստեղծված իրավիճակից, սպասվող հարկային եկամուտների թիվը նվազեցվեց: Բայց անգամ այդ պարագայում հարկային եկամուտների հավաքագրումը խնդիրների առաջ կանգնեց՝ գրացելով բյուջետային ճեղք:
Իհարկե, ԿԲ-ն իրականացնում է իր ֆունկցիաները, բայց դրանք այսօր փաստացի ստեղծված տնտեսական իրավիճակի հետ, կարծես, գործնական առնչություններ քիչ ունեն:
Հասկանալի է, որ գնաճի պայմաններում ԿԲ-ի կողմից իր հիմնական գործիքների չկիրառումը պետք է ունենա հստակ հիմնավորում, որից բխում է պատասխանատվություն ստանձնելու խնդիրը: Մյուս կողմից այս գործիքակազմի չկիրառումն արդարացված լինելու համար պետք է ունենա երկընտրանք: Իսկ լավագույն երկընտրանքը ճգնաժամային կառավարման նորմալ տրամաբանության ներքո պետական կառույցների միջև արդյունավետ փոխգործակցությունն է:
Արդյո՞ք վերջին մեկ տարվա ընթացքում նման փոխգործակցության կամ առհասարակ ճգնաժամային կառավարման նշույլ անգամ նկատվել է մեզ մոտ: Կամ արդյո՞ք կարելի է պատերացնել, ԿԲ ղեկավարության ու, օրինակ, Էկոնոմիկայի նախարարի միջև փոխադարձ համագործակցություն, որի արդյունքում հնարավոր է գտնել ոչ օրինաչափ լուծումներ:
Մնում է միայն արձանագրել, որ Հայաստանի ավերված տնտեսությունում խիստ պահանջարկ ունեցող փողը թանկացավ ևս 0,25 տոկոսային կետով: