Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն առաջվա պես անհրաժեշտ են: Այս մասին ասվում է Հարավային Կովկասի հետ կապերի հարցերով պատվիրակության ղեկավար, եվրախորհրդարանական Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի և Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է News.am-ը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարվա պատերազմը ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք ողջունում ենք այն փաստը, որ իրավիճակը կայունացել է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, և որ բացի ցավալի, բայց հատուկենտ միջադեպերից, հրադադարի ռեժիմը հարգվում է, սակայն այդքան կենսական հաշտեցմանը հասնելու համար շատ ավելին է անհրաժեշտ:
Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն առաջվա պես անհրաժեշտ են: Մենք երկու կողմերին կոչ ենք անում հստակ և հրապարակավ վերահաստատել գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամությունը՝ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ և հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնց հետ կողմերը համաձայնել են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և հավասարություն և ժողովուրդների ինքնորոշում։
Այն ժամանակ, երբ ԱՄՆ նոր վարչակազմը նոր խթան է բերել, մենք վճռականորեն հաստատում ենք Եվրոպական խորհրդարանի և, ըստ էության, Եվրամիության շարունակական աջակցությունը այս գործընթացին և այս սկզբունքներին:
Հրադադարի մասին համաձայնագրի ամբողջական կատարումը անհրաժեշտ առաջին քայլն, և ցավալի է այն փաստը,, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջությամբ չի իրականացվել: Մենք ողջունում ենք անցյալ շաբաթ ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը, և խնդրում ենք Ադրբեջանին ազատել մնացածներին՝ վստահությունը վերականգնելու համար:
Մենք նաև կողմերին կոչ ենք անում ապահովել միջազգային կազմակերպությունների լիակատար անխոչընդոտ մուտքը՝ մարդասիրական օգնության տրամադրման և մշակութային ժառանգության պաշտպանության համար: Այս խնդիրները ավելի են ընդգծում հետագայում բազմակողմ ջանքերի վերականգնման անհրաժեշտությունը` հաջակցություն հակամարտության տևական լուծման որոնմանը»: