Ուկրաինական «Ընդդիմադիր պլատֆորմ - Կյանքի համար» ուկրաինական կուսակցությունը նախաձեռնում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու իմպիչմենտը՝ ուկրաինական հեռուստաալիքների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումից հետո։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է կուսակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչը:
«Մոտ ժամանակներս մենք կուսակցության արտահերթ համագումար կանցկացնենք, որը կորոշի մեր հետագա քայլերը։ Մենք նախաձեռնում ենք նախագահ Զելենսկու իմպիչմենտի գործընթաց, որը ծաղրել է ընտրողներին ու երկրին»,- ասել է Ռաբինովիչը։
Հաղորդվում է, որ փետրվարի 2-ին Զելենսկու հրամանագրով ուժի մեջ մտավ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ 5 տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառել ուկրաինական «112 Украина», NewsOne և ZiK հեռուստաընկերությունների դեմ, որից հետո ալիքները դադարեցրեցին հեռարձակումը:
Մասնագիտական հանրությունն այս քայլն անվանել է քաղաքական հաշվեհարդար և հարձակում խոսքի ազատության վրա: