Կորոնավիրուսային համաճարակը փոխում է աշխարհը. այն միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս ավելի սերտ համագործակցել, համակարգել նրանց գործողությունները՝ հիմնված բազմակողմանիության, համերաշխության և օրենքի գերակայության վրա: Այս մասին ասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Եվրահանձնաժողովի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Սենեգալի նախագահ Մակի Սալլայի համատեղ հոդվածում: Հոդվածը հրապարակվել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթում և եվրոպական այլ հրատարակություններում, գրում է Tass-ը։
«Կորոնավիրուսից հետո աշխարհը այլ կլինի: Եկեք օգտագործենք տարբեր ֆորումներ և հնարավորություններ` ապագայի հստակ տեսլականով մարտահրավերները հաղթահարելու համար։ Մենք հրավիրում ենք քաղաքականության, տնտեսագիտության, կրոնի և այլ ոլորտների ղեկավարներին մասնակցելու կարծիքների այս գլոբալ փոխանակմանը։
Մենք հավատում ենք, որ այս համաճարակային ճգնաժամը արդյունավետ համագործակցության, համերաշխության և համակարգման միջոցով կարող է հնարավորություն ընձեռել միջազգային կարգի շուրջ կոնսենսուսի հասնելու համար. կարգ, որը հիմնված է բազմակողմանիության և օրենքի գերակայության վրա։
Մենք այս ոգով վճռական ենք միասին աշխատելու ՄԱԿ-ի, տարածաշրջանային կազմակերպությունների, միջազգային ֆորումների, ինչպիսիք են G7-ը, G20-ը և ինքնաբուխ ձևավորված կոալիցիաները, այսօրվա և ապագա գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար», - ասվում է հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ համաճարակն «ամենալուրջ փորձությունն է միջազգային համերաշխության համար»:
Համաճարակի համատեքստում նրանք հորդորել են չհակադրել մշակույթներն ու արժեքները, այլ կոմպլեքսային մոտեցում ցուցաբերել՝ հաշվի առնելով առկա տարաձայնությունները և հարգելով մարդու իրավունքները: