Բոլոր պայմանները կան կարծելու, որ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակը տարածվել է չինական Ուհանի ծովամթերքների շուկայում, սակայն դա չի նշանակում, որ վիրուսը հենց այնտեղ է առաջացել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանից ԱՀԿ-ի խմբի փորձագետ, Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Վլադիմիր Դեդկովը:
«Մենք եղել ենք շուկայում: Ես այնքան էլ ծանոթ չեմ Չինաստանի սանիտարական կանոններին, բայց տեսնելով դա, իհարկե, շուկան շատ հեռու է կատարելությունից։ Ոչ մի ապացույց չկա, որ հենց այնտեղ է առաջացել վիրուսը, հնարավոր է՝ ուրիշ տեղ է վիրուսը հայտնվել, բայց հիպոթետիկ տեսակետից այնտեղ բոլոր պայմանները կան վիրուսի տարածման համար»,-պատմել է Դեդկովը:
Փորձագետը հավելել է, որ այժմ շուկան փակ է, շինարարություն է տարվում, սակայն նույնիսկ հիմա կարելի է եզրակացություն անել, որ կորոնավիրուսն սկսել է հենց այնտեղից տարածվել: Ուհանի «Հուանան» շուկան, որտեղ վաճառվել են բանջարեղեն, ծովամթերք և վայրի կենդանիների միս, փակվել է 2020 թվականի հունվարի 1-ին։ Առաջին հիվանդացածներն աշխատել են հենց այդ շուկայում, սակայն գիտնականները մինչև այժմ միանշանակ եզրակացության չեն հանգել այն դերի հարցում, որը նա խաղացել է վիրուսի տարածման մեջ: