ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը Պետդեպարտամենտում հրապարակեց արտաքին քաղաքական իր գերակայությունները:
ԱՄՆ նախագահն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է «Ամերիկան վերադարձել է» կարգախոսի ներքո: Նա, մասնավորապես, նշեց, որ ԱՄՆ միավորելու է աշխարհը դեմոկրատիան պաշտպանելու համար, վերականգնելու է սերտ համագործակցությունն աշխարհի բոլոր ծայրերում իր գործընկերների և դաշնակիցների հետ, իր դերն ու հեղինակությունն աշխարհում և միջազգային կառույցներում:
Այս ամենը նա պատրաստվում է անել դիվանագիտության միջոցով: «Դիվանագիտությունը վերադարձել է»,- հայտարարեց Բայդենը:
Բայդենը Չինաստանին անվանեց իր հիմնական մրցակիցը, հայտարարեց, որ ՌԴ-ի հետ խոսելու է ուժեղի դիրքերից և պահանջեց ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին:
Իսկ սա նշանակում է, որ Դոնալդ Թրամփի օրոք Չինաստանի հետ սանկցիոն պայքարը կարող է շարունակվել: Աճելու է լարվածությունը նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում: Վերականգնվելու է սերտ գործակցությունը Եվրամիության հետ:
Չնայած Ջո Բայդենն առանձին անդրադարձ չկատարեց Հարավային Կովկասին կամ մեր հարևան երկրներին՝ ուղերձը բավական հստակ էր. ԱՄՆ վերադառնալու է նաև այս տարածաշրջան: Դա նշանակում է ԱՄՆ միջնորդական ջանքերի ակտիվացում Արցախյան հակամարտության համատեքստում, Թուրքիայի հետ «մտրակի և բլիթի» քաղաքականություն՝ վերջինիս ամերիկյան ծիր վերադարձնելու համար, ակտիվ երկխոսություն Իրանի հետ:
Հայաստանի համար այս իրավիճակը մի կողմից հնարավորություններ, մյուս կողմից՝ մարտահրավերներ է պարունակում: ԱՄՆ մրցակցելու է ՌԴ-ի հետ՝ ցույց տալու համար, որ կարող է արդյունքի հասնել այն հարցերում, որտեղ ՌԴ-ն կամ հաջողության չի հասել, կամ չի ցանկացել դա անել, օրինակ՝ գերիների վերդարձի հարց, Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների մեկնարկ և այլն: Հայաստանի կողմից լրացուցիչ ոգևորությունն ու ԱՄՆ հետ ակտիվ բարեկամությունը, ԱՄՆ միջոցով իր հարցերը ՌԴ-ի «մեջքի ետևում» լուծելու փորձերը ՌԴ կոշտ արձագանքին են արժանանալու:
Չի բացառվում նաև, որ Բայդենը զուտ իմիջային խնդիր լուծի Արցախյան հարցում ներգրավման տեսանկյունից՝ չմտնելով ՌԴ հետ լուրջ մրցակցության մեջ, և շեշտը դնի այլ տարածաշրջաններում իր շահերն առաջ մղելու վրա:
Յուրաքանչյուր սցենարի պարագայում Հայաստանի համար միակ ճիշտ քաղաքականությունը զուսպ, հավասարակշռված և թափանցիկ դիվանագիտությունն է, ՌԴ-ԱՄՆ բախումների վրա դիվիդենտներ քաղելու գայթակղությունից զերծ մնալը: