Գերմանիան Բելառուսում ընդդիմությանը սատարելու ծրագրերի համար շուրջ 21 միլիոն եվրո է հատկացրել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը՝ ելույթ ունենալով «Համերաշխություն Բելառուսի հետ» առցանց համաժողովում:
ԳԴՀ իշխանությունները Բելառուսի ընդդիմությանը սատարող գործողությունների ծրագիր են ընդունել։ Խոսքը վերաբերում է ապաստան և կրթաթոշակ տրամադրելուն, անկախ լրատվամիջոցների աջակցությանը, ավելի վաղ իր ավանդական տեսաուղերձում հայտնել էր ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:
«Վստահ եղեք՝ Գերմանիան և ԵՄ-ն ձեր կողքին են: Մենք պատժամիջոցներ ենք մտցրել Լուկաշենկայի և նրա ռեժիմի դեմ: և մենք մշակել ենք «Բելառուսի քաղաքացիական հասարակություն» գործողությունների ծրագիր, որի արժեքը կկազմի 21 միլիոն եվրո»,- ասել է նախարարը՝ դիմելով բելառուսական ընդդիմության կողմնակիցներին:
«Մենք կրթաթոշակներ կառաջարկենք այն ուսանողներին, ովքեր հեռացվել են դպրոցներից և համալսարաններից՝ ցույցերին մասնակցելու համար: Մենք կաջակցենք անկախ լրատվամիջոցներին: Հոգեբանական օգնություն կտրամադրենք խոշտանգումների զոհերին և Գերմանիայում ապաստան կտրամադրենք հալածված բելառուսներին: և մենք կստեղծենք մեխանիզմ՝ ապացույցներ հավաքելու մարդու իրավունքները ոտնահարողների դեմ: Կգա մի օր, երբ նրանք կենթարկվեն պատասխանատվության: Կգա մի օր, երբ Բելառուսի ժողովուրդը կկարողանա ապրել ժողովրդավարության, ազատության և օրենքի գերակայության պայմաններում»,- հավելել է նա: