Եվրախորհրդարանի փոխնախագահ Նիկոլա Բիրը կողմ է արտահայտվել բելառուս դատավորների ու Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցների դեմ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին նա ասել է «Համերաշխություն Բելառուսի հետ» առցանց համաժողովում:
«Անվտանգության ուժերի ներկայացուցիչների նկատմամբ կիրառված անձնական պատժամիջոցները բավարար չեն: Մենք դրանք պետք է տարածենք դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչների, Լուկաշենկոյի կողմնակիցների վրա»,-հայտարարել է Բիրը:
Նրա խոսքերով՝ եվրոպական երկրները պետք է հավասարակշռություն փնտրեն բելառուսական իշխանությունների վրա ճնշման և նրանց հետ փոխգործակցության միջև:
Իր հերթին, բելառուս ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ռեժիմի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է արդյունավետ պատժամիջոցներ սահմանել նրա «դրամապանակների», անվտանգության պաշտոնյաների, քարոզիչների, ընտրությունների կեղծմանը մասնակցողների և նրանց վրա, որոնք այժմ ապօրինի կերպով դատում են բելառուսներին: