Արտաքին քաղաքականությունում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից հիմնական ակնկալիքներից էր ԱՄՆ վերադարձն Իրանի հետ միջուկային գործարքին, որն այն լքել էր 2018 թվականին: Եվ չնայած Բայդենը չի կիսում միջուկային գործարքի վերաբերյալ իր նախորդի դիրքորոշումը, ԱՄՆ-ի՝ միջուկային գործարք վերադառնալն այնպես հեշտ չի լինելու, ինչպես օրինակ ԱՄՆ վերադարձը Կլիմայի հարցերով Փարիզի համաձայնագրին:
Վաշինգտոնը միջուկային պայմանագրի վերադառնալու և Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու նախապայման նշում է Իրանի կողմից ուրանի հարստացումը դադարեցնելը:
Սակայն Թեհրանում չեն պատրաստվում առաջինը քայլ անել՝ հիշեցնելով, որ Իրանը գործարքով նախատեսված իր պարտավորությունների մի մասը սկսել է չկատարել ի պատասխան ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից դուրս գալուն և պատժամիջոցները վերականգնելուն: «Եթե ցանկանում են, որ Իրանը վերադառնա համաձայնագրին, ապա ԱՄՆ-ը պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները: Մենք կհամոզվենք, որ նրանք դա արել են, և եթե ամեն ինչ կարգին է, կվերադառնանք մեր պարտավորությունների կատարմանը», - նշել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին:
Միևնույն ժամանակ, Իրանը շարունակում է Գործողությունների համատեղ համընդհանուր պլանով նախատեսված իր պարտավորությունների կրճատումը: Մասնավորապես, նախատեսվում է, որ եթե մինչև փետրվարի 23-ը Միացյալ Նահանգները կոնկրետ քայլեր չձեռնարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ, Իրանը կդադարեցնի միջուկային գործունեության ստուգման վերաբերյալ ԱԷՄԳ լրացուցիչ արձանագրության գործողությունը: Համապատասխան որոշումն ընդունվել էր Իրանի խորհրդարանի կողմից դեռ 2020 թվականի վերջին՝ ի պատասխան ֆիզիկոս-միջուկաբան Մոհսեն Ֆահրիզադեի սպանության:
Նշենք, որ միջուկային գործարքով նախատեսված պարտավորությունների կրճատումը բավականին մեծացրել է Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հետ կապված մտավախությունները: Հունվարից Իրանն սկսել է ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս, որը, որպես կանոն, օգտագործվում է հետազոտական միջուկային հրթիռներում:
Նման պայմաններում, բնականաբար, ոչ միայն Իրանն է հետաքրքրված ԱՄՆ-ի միջուկային գործարք վերադառնալով և իր տնտեսությունը խեղդող պատժամիջոցների չեղարկմամբ, այլ նաև ԱՄՆ-ը և վերջինիս տարածաշրջանային դաշնակիցները, քանի որ Թրամփի առավելագույն ճնշումների քաղաքանության արդյունքում Իրանն ավելի է մոտեցել միջուկային զենք ստեղծելու հնարավորությանը:
Սակայն այժմ կողմերն ավելի շատ մտահոգված են դեմքը փրկելու խնդրով: Իրանի ԱԳ նախարարն առաջարկել էր, որ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելը, ով, համաձայն 2015 թվականին կնքված գործարքի, հանդիսանում է վերջինիս պայմանների կատարմանը հետևող հանձնաժողովի նախագահը, մշակի միջուկային համաձայնագրին վերադառանլու համակարգված գործողությունների մեխանիզմ, որը երկու երկրին հնարավորություն կտար պահել դեմքը:
Նշենք, որ կողմերը որոշակի ժամանակային սահմանափակումներ ունեն: Այս տարվա հուլիսին Իրանում նշանակված են նախագահական ընտրություններ: Պատժամիջոցների պահպանման և ԱՄՆ հետ առճակատման չմեղմվելու պարագայում մեծ է հավանականությունը, որ Իրանում իշխանության կգան պահպանողականները, որոնք հանդես էին գալիս միջուկային գործարքի քննադատությամբ: Այդ դեպքում միջուկային գործարքին վերադառնալը շատ ավելի բարդ կարող է լինել: