Գերմանիան, Շվեդիան և Լեհաստանը ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում են կայացրել՝ ի պատասխան Մոսկվայի նմանօրինակ քայլի: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ համապատասխան հայտարարությունները հրապարակվել են երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների թվիթերյան էջերում:
Գերմանիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ գերմանացի դիվանագետին չարտոնագրված ցույցերին մասնակցելու պատճառով արտաքսելու Մոսկվայի որոշումը «արդարացված չէ»:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն հայտարարել է, որ երկրից կարտաքսի ՌԴ դիվանագետին՝ որպես պատասխան միջոց Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի հյուպատոսության աշխատակցի արտքասմանը, որը հունվարի 23-ին մասնակցել էր ՌԴ-ում տեղի ունեցած անօրինական ակցիաներին:
Լեհաստանի ԱԳՆ-ն էլ, իր հերթին, ևս որոշում է կայացրել փոխադարձ սկզբունքով և մյուս երկու երկրների հետ համաձայնեցմամբ «պերսոնա նոն գրատա» ճանաչել Պոզնանում ՌԴ Գլխավոր հյուպատոսության աշխատակցին: