Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտ։
ՄԻՊ աշխատակազմի ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ համակարգը կապահովագրի բիզնեսը տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներից, և նաև հնարավորություն կընձեռի խուսափել տուգանքներից:
Ստորև ներկայացնենք կոմպլաենսի էությունը:
Կոմպլաենսը շատ ընդհանրական բնութագրմամբ, ենթադրում է համապատասխանություն որևէ ոլորտին առնչվող արտաքին կամ ներքին պահանջներին:
Կազմակերպությունում կոմպլաենսի ներդրումը ենթադրում է այնպիսի մեխանիզմի առկայություն, որը կզբաղվի օրենսդրական ակտերին, նորմերին, իրավական փաստաթղթավորմանը, վերահսկողական մարմինների նորմերին առկա անհամապատասխանությունների կարգավորմամբ: Սա, իր հերթին, ենթադրում է մի կողմից կազմակերպությունում այսպես կոչված կոմպլաենս-ռիսկերի գնահատմամբ զբաղվող պրոֆեսիոնալների առկայություն, գլխավոր վերահսկող մարմին, մյուս կողմից՝ աշխատակիցների պատրաստվածություն, տեղեկացվածություն:
Կոմպլաենսի մեխանիզմի ներդրումը հնարավոր է տարբեր ոլորտներում՝ ֆինանսական, բանկային, առևտրային:
Նույն տրամաբանությունն է գործում հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտի համար: Դա կազմակերպության կողմից հաջողված հակամենաշնորհային կորպորատիվ ծրագրի (քաղաքականության) ներդրում է, որը կնպաստի կազմակերպության կողմից հակամենաշնորհային օրենսդրության նորմերի պահպանմանը:
Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրումը շահավետ է ինչպես բիզնեսի, այնպես էլ պետության համար:
Բիզնեսի համար այն ունի երկակի նշանակություն: Մի կողմից, կազմակերպությունների կողմից հակամենաշնոհային գործունեության իրականացումը նպաստում է մրցակցային օրենսդրության խախտման հավանականության կրճատմանը, մյուս կողմից, որքան շատ կազմակերպություն ներդնի այսպիսի մեխանիզմ, այնքան շատ բիզնեսը հակված կլինի ինքնակարգավորման:
Պետության կամ հակամենաշնորհային վերահսկողությամբ զբաղվող մարմինների համար սա աշխատանքային բեռի թեթևացում է ենթադրում:
Կոմպլաենսի, այդ թվում՝ հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտի ներդրման միջազգային փորձը բավական մեծ է:
Մի շարք երկրներում կոմպլաենսի ինստիտուտը փաստաթղթավորված է պետական մակարդակով (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, Ավստրիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա և այլն), որոշներում՝ պարզապես կա մեխանիզմը (օրինակ՝ Հնդկաստան, Նիդեռլանդներ և այլն):
Պետական մակարդակով կոմպլաենսի ներդրումն աշխարհում հիմնականում կամավոր սկզբունքով է լինում. օրենքի մակարդակով սահմանվում է կոմպլաենսի էությունը և սահմանվում այդ մեխանիզմը ներդրող կազմակերպությունների համար, օրինակ հակամենաշնորհային խախտումների պարագայում, պատժիչ միջոցների մեղմացում:
Վերադառնալով ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությանը, նշենք, որ «Տնտեսական մրցակցության մասին պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ իրականացնելու նախագծով, պաշտանի գրասենյակն առաջարկում է տալ հակամենաշնորհային կոմպլաենսի սահմանումը: ՄԻՊ-ը ներկայացնում է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև նախագծում փոփոխությունների հիմնավորումը:
Հատկանշական է, որ Հայաստանում հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման նախաձեռնությամբ հանդես է գալիս ՄԻՊ գրասենյակը: ՌԴ-ում, օրինակ, մեխանիզմի ներդրման նախաձեռնությունը ստանձնել է Հակամենաշնորհային ֆեդերալ ծառայությունը, Ղազախստանում այդ գաղափարի ներդրման գործընթացն իրականացվել է Ղազախստանի Հանրապետության Ֆինանսական շուկաների և կազմակերպությունների կարգավորման և վերահսկողության գործակալության կողմից, ԱՄՆ-ում՝ Արդարադատության նախարարության, ԵՄ-ում՝ Եվրահանձնաժողովի կողմից: