ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս առաջին հեռախոսազրույցն ունեցավ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ: Լուսնային Ամանորի նախօրեին կայացած հեռախոսազրույցն ի ցույց դրեց երկու խոշոր տերությունների միջև առկա լարվածության բարձր մակարդակը, սակայն միևնույն ժամանակ հույս ներշնչեց, որ երկու պետություններն ինչ-որ չափով պատրաստ են երկխոսության՝ բաց առճակատումից խուսափելու համար:
Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ Բայդենը նախ բարեմախթանքներ է հղել չինացիներին Լուսնային Ամանորի տոների կապակցությամբ, այնուհետև՝ ընդգծել է, որ «ամերիկացիների անվտանգության, բարգավաճման, առողջության ու կենսակերպի պաշտպանությունը, ինչպես նաև ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պաշտպանությունն իր առաջնահերթություններն են»:
Նա նաև իր մտահոգությունն է հայտնել Հոնկոնգում Պեկինի հարկադիր գործողությունների, Սինծիանում մարդու իրավունքների խախտման և ընդհանրապես տարածաշրջանում ավելի ու ավելի համառ գործողությունների հետ կապված։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել COVID-19 համավարակին հակազդելու, առողջապահության համաշխարհային անվտանգության, կլիմայի փոփոխության և զենքի տարածման ընդհանուր մարտահրավերների վերաբերյալ: Բայդենը պարտավորվել է հետամուտ լինել գործնական, արդյունքների վրա հիմնված ներգրավվածությանն այն ժամանակ, երբ դա կբխի ամերիկյան ժողովրդի և իր դաշնակիցների շահերից:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունն էլ ներկայացրել է երկու առաջնորդների հեռախոսազրույցի իր տարբերակը:
Ըստ այդ հայտարարության՝ Չինաստանի ղեկավարը, հակադրվել է Բայդենի ասածներին՝ ընդգծելով, որ Հոնկոնգի, Թայվանի ու Սիծիանի հարցերն իր երկրի ներքին գործերն են և հորդորել զգույշ լինել Չինաստանի ինքնիշխանությանը վերաբերող հարցերի կարգավորման հարցում:
Միևնույն ժամանակ Ցզինպինը համագործակցության կոչ է արել ԱՄՆ-ի ղեկավարին. «Համագործակցությունը երկու ժողովուրդների միակ ճիշտ ընտրությունն է: Համագործակցությունը կարող է օգնել երկու ժողովուրդներին և աշխարհին մեծ գործեր իրականացնել, մինչդեռ առճակատումն անկասկած աղետ է», - ասել է Չինաստանի ղակավարը:
Վերջինս նաև նշել է, որ կառուցողական հարաբերություններ ստեղծելու կողմնակից է: ««Չինաստանը և ԱՄՆ-ն տարբեր տեսակետներ ունեն տարբեր հարցերի վերաբերյալ, բայց առանցքայինը փոխադարձ հարգանքն է, հավասար վերաբերմունքն ու դրանց պատշաճ կառավարումն ու կարգավորումը կառուցողական ձևով»:
Նրա խոսքով՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները կարող են խորը համագործակցություն սկսել երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: «Դուք ասել եք, որ Ամերիկան կարելի է բնութագրել մեկ բառով. հնարավորություններ: Հուսով ենք, որ այժմ այդ հնարավորությունները կուղղվեն Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների բարելավմանը»,- ասել է Չինաստանի ղեկավարը:
Նշենք, որ Պեկինը բազմիցս է կոչ արել Վաշինգտոնի նոր վարչակազմին շտկել այն հարաբերությունները, որոնք խաթարվել էին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին: Այս համատեքստում հարկ է նկատել, որ չնայած հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը շոշափել է այնպիսի թեմաներ, որոնք Չինաստանն իր երկրի համար դիտարկում է որպես «կարմիր գծեր», այնուամենայնիվ, հեռախոսազրույցը կայացել է շատ ավելի քաղաքավարի ձևով, քան Թրամփի պաշտոնավարման ժամանակ էր: Ավելին, կողմերն առնվազն ցանկություն են հայտնել նաև համագործակցել որոշ ոլորտներում:
Հետաքրքրականն այն է, որ դեռևս արտաքին քաղաքականության հարցերի շուրջ իր առաջին ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանին ավանեց ոչ թե «թշնամի» երկիր, այլ ԱՄՆ «ամենալուրջ մրցակից»: «Մենք ուժի դիրքերից կմրցենք (Չինաստանի հետ)՝ ավելի լավ վերակառուցելով երկրի ներսը…»,- հայտնել էր Բայդենը: Այս համատեքստում հետաքրքրական է Բայդենի կողմից՝ Չինաստանի ղեկավարի հետ ունեցած հեռախոսազրույցի հաջորդ օրն արված հայտարարությունը: Սենատորների հետ հանդիպման ժամանակ վերջինս բառացի նախազգուշացրել է, որ Չինաստանը «կուտի Ամերիկայի ճաշը», եթե Ամերիկան չավելացնի իր ենթակառուցվածքային ծախսերը: «Նրանք (չինացիները-խմբ.) միլիարդավոր դոլարներ են ներդնում ՝ տրանսպորտի, շրջակա միջավայրի և մի շարք այլ հարցերի հետ կապված խնդիրների լուծման համար: Մենք պարզապես պետք է ակտիվացնենք մեր քայլերը»,- ասել է Բայդենը:
Ինչպես երևում է Բայդենի հայտարարություններից, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն ավելի շատ մրցակցային են լինելու, քան թշնամական: Իհարկե, չի բացառվում, որ ժամանակի ընթացքում ԱՄՆ նախագահն ավելի կոշտ դիրքորոշում ընդունի Չինաստանի նկատմամբ և հռետորաբանությունից անցում կատարի ինչ-ինչ իրական գործողությունների, սակայն ինքն էլ քաջ գիտակցում է, որ գործ ունի մի երկրի հետ, որը ներկայումս ավելի հզոր է, քան երբևէ, մի երկրի հետ, որը համառորեն պայքարել է Թրամփի խիստ թշնամական վարչակազմի դեմ, մեկը, որը դուրս է եկել կորոնավիրուսային համաճարակից ավելի ուժեղացած, տնտեսապես ավելի կայուն վիճակով, մինչդեռ ԱՄՆ-ը շարունակում է խրված մնալ տարբեր աստիճանի քաղաքական և տնտեսական խնդիրների մեջ: Հետևաբար՝ ԱՄՆ-Չինաստան բաց առճակատումն, առնվազն ներկայումս, այդքան էլ իրատասեկան չէ: