Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կինը՝ Ռի Սոլ-ջուն, վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ երևացել է հանրությանը, գրում է BBC-ն:
Երկրի առաջին տիկինն ամուսնուն ընկերակցել է Mansudae արվեստի թատրոնում կայացած համերգի ժամանակ, որը կազմակերպվել էր Կիմ Չեն Ընի հանգուցյալ հոր ծննդյան օրը նշելու կապակցությամբ:
Նրանց այցելությունից համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է զույգը ծիծաղում՝ դիմակների և սոցիալական հեռավորության կանոնների ակնհայտ բացակայության պայմաններում:
Ռին ժամանակին հաճախ էր ուղեկցում ամուսնուն խոշոր իրադարձությունների ժամանակ, սակայն անցյալ տարվա հունվարից մինչ այժմ նրան ոչ ոք չէր տեսել:
Նրա երկարատև բացակայությունը բնակչության շրջանում մի շարք շահարկումների առիթ էր դարձել: Շատերը ենթադրում էին, որ դա կապված է առողջական խնդիրների կամ հավանական հղիության հետ: