Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ այսօր բանակցություններ կանցկացնի՝ ՀՀ ԱԳ նախարարի Մոսկվա կարճատև աշխատանքային այցի շրջանակներում, գրում է Tass-ը։
Նախատեսվում է, որ նախարարների ուշադրության կենտրոնում կլինի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրագործումը` շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրման, ենթակառուցվածքների վերակառուցման և Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա, հաղորդում է Panorama-ն:
Կողմերը քննարկելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքների պլանները:
Լավրովը և Այվազյանը կքննարկեն նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի այլ հարցեր: Զրույցը կընթանա մամուլի համար փակ ձևաչափով:
Երկու երկրների արտգործնախարարները մշտական կապ են պահպանում հեռախոսով: Տարեսկզբից Լավրովն ու Այվազյանը չորս անգամ հեռախոսազրույց են ունեցել:
Նշվում է, որ արտաքին գործերի նախարարության շփումներին զուգահեռ, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահող խումբը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի տրանսպորտային և տնտեսական հարցերի կարգավորմամբ: Այն ստեղծվել է երկրների ղեկավարների հունվարի 11-ին կայացած բանակցություններից հետո և մինչ այժմ անցկացրել է երկու հանդիպում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Այվազյանը, տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսումը: Ինչպես ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ընդգծեց ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, խմբի գործողությունները կարող են օգնել կարգավորման հարցում, բայց դրանք պետք է ձեռնարկվեն «ուշադիր, դանդաղ, երբ ժամանակը գա»:
Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է աջակցել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդմանը, ասել էր Ռուդենկոն:
Հայաստանի համար շարունակում է կարևոր մնալ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորվածների վերադարձի հարցը: Մի քանի տասնյակ մարդ արդեն վերադարձել է տուն, այդ թվում՝ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահների օգնությամբ: Մոսկվան բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշման մասին, որ կփորձի գերիների փոխանակում Բաքվի և Երևանի միջև՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: